Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում են: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասաց, որ «այցը կատարվում է նախնական պայմանավորվածության համապատասխան»: Նրա խոսքով՝ «միջնորդները մտադիր են ճշտել իրավիճակը կոնֆլիկտի գոտում», քննարկել «Լեռնային Ղարաբաղի կարգավորման ակտուալ հարցերը, այդ թվում՝ հաշվի առնելով ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվայում ապրիլի վերջին կայացած հանդիպումը»:
Ի՞նչ է եղել ապրիլին: ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը ասաց հետևյալը. «Հակամարտության կողմերի մասնակցությամբ ցանկացած հանդիպում, որի ժամանակ քննարկվում են բովանդակային հարցեր, օգտակար է: Մոսկվայում անցկացված խորհրդակցությունները բացառություն չէին: Ճեղքում չեղավ, բայց սպասում էլ չկար: Կարևոր է, որ կողմերը երկարատև դադարից հետո կարողացան նորից հանդիպել, տեսակետներ փոխանակել պրոբլեմային հարցերի շուրջ և ճշտել միմյանց դիրքորոշումները»: Բայց Պոպովի հայտարարությունը ամբողջական չէ: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը միջնորդների հետ Երևանում հանդիպման ժամանակ ասաց, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարել ապրիլին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները ԶԼՄ-ների համար նախատեսված նույնական հաղորդագրության մասով, որ հրապարակեցին հայկական ու ռուսական կողմերը, այլև հանդես է եկել հերթական անհեթեթ մեկնաբանություններով: Բաքուն հաստատել է, որ իբր Մոսկվայում հանդիպման ժամանակ նախարարները նշել են ոչ թե նախորդ գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, այլ քննարկել են այդ գագաթնաժողովների բանակցությունների օրակարգը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ «չնայած միջնորդների մայիսի 18-ին տարածած հայտարարությունը առաջին հասցեականը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել միջնորդների կոչերը, այլև ամեն ինչ հակառակն է անում»: Բաքուն ու ԵԱՀԿ ՄԽ-ն այդ հայտարարությունը չհերքեցին:
Իսկ կա՞ բանակցությունների առարկա: Կա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Կալինինգրադի Էմանուիլ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների համար, հայտարարեց, որ թեպետ բանակցությունների տարիներին արդեն մշակվել են սկզբունքները, «անհրաժեշտ է համաձայնեցնել բարդ դետալների ամբողջ շարք»: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում համանախագահների հետ հանդիպման նախօրեին հավատացնում էր, որ «հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման փաստաթուղթը նույնն է մնում»: Մամեդյարովի խոսքով՝ փաստաթղթի վրա «աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում համատեղ հանդիպման ընթացքում», և «այդ փաստաթուղթն այս պահին հիմնականն է բանակցությունների սեղանին»: Բայց Բաքուն, հետո նաև Մոսկվան պաշտոնապես հաստատել են, որ Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից հետո ընդունված փաստաթուղթը Ադրբեջանը չի ստորագրել:
Իգոր Պոպովն իր հարցազրույցում ասել է. «Բանակցությունների հիմքը լավ հայտնի է և շարադրված է համանախագահ երկրների նախագահների հայտարարություններում: Հիշեցնեմ, որ խոսքը ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական սկզբունքների և Հելսինկյան Եզրափակիչ ակտի դրույթների մասին է, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, նաև դրույթների, որ կապված են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների, փախստականների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև միջանցքի, խաղաղապահ գործողությունների հետ: Ամբողջության մեջ չմերժելով այդ հիմքը, կողմերը տարբեր են տեսնում նրա բաղկացուցիչ մասերի կենսագործման հաջորդականությունը: Միջնորդներն առաջարկում են տարբերակներ, որ կոչված են օգնել կողմերին հավասարակշռված որոշում գտնել»: Եվս մեկ կարևոր ճշտող հայտարարություն. «Պայմանավորվածություն է ձեռքբերվել միջազգային դիտորդների կազմը յոթ հոգով ավելացնելու մասին, որի հետ երկու կողմերն էլ համաձայն են: Սակայն պահպանվում են տարաձայնություններ մանրամասների մեջ, ներառյալ դիտրդների տեղակայման վայրերը, նրանց գործունեության ֆինանսավորման կարգը և որոշ այլ տեխնիկական հարցեր: Դրանց համաձայնեցմամբ զբաղվում է հիմա գործող ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը՝ կազմակերպության քարտուղարության համապատասխան կառույցների, նաև կողմերի ներկայացուցիչների հետ»: Պետք է կարծել, որ միջազգային դիտորդների կազմը յոթ հոգով ավելացնելու պայմանավորվածությունը եղել է բանավոր: Իսկ եթե այդպես է, Բաքուն հընթացս բանակցային գործընթացի փորձում է փոխել ձևաչափը, խոսելով այսպես կոչված «սուբստանտիվ բանակցությունների» անհրաժեշտության մասին: «Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է: Ստատուս քվոն պետք է փոխվի, որովհետև բոլորն էլ գիտեն ստատուս քվոյի պահպանման հետևանքները ինչպիսին կլինեն» հայտարարել է Մամեդյարովը: Ստացվում է, որ ադրբեջանական դիվանագիտությունը ղարաբաղյան ուղղությամբ բացահայտորեն կախվում է օդում: Կան որոշ նոր փաստեր, որ հաստատում են այդ եզրակացությունը:
Երբ Բաքուն բանակցում էր «Արևելյան գործընկերության» ձևաչափով՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման համար, Բրյուսելը հրաժարվեց համաձայնագրի քաղաքական պրեամբուլայում ներառել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման դրույթը: Այդ պատճառով համաձայնությունը չկայացավ: Հիմա «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն արձանագրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ադրբեջանի ու Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շնորհավորական ուղերձում Թբիլիսիի առնչությամբ «աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, իսկ Ադրբեջանի դեպքում՝ ոչ»: Թիլերսոնը նշել է միայն «Վաշինգտոնի հակվածությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը և համագործակցությանը էներգետիկայի ու անվտանգության ոլորտում»: Բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ: Օրերս Կառնեգի կենտրոնը զեկույց հրապարակեց Անդրկովկասում ԱՄՆ քաղաքականության հեռանկարների մասին, որտեղ հաստատվում է. «ԱՄՆ-ը մնում է Մինսկի խմբի համանախագահ, որը օգնեց, թեպետ չկարողացավ լուծել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում: ԱՄՆ-ը խոստացել է աջակցել երեք պետությունների եվրաատլանտյան ինստիտուտներում ինտեգրվելու ձգտումներին»: Բայց հիմա «ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերը դուրս են գալիս Հարավային Կովկասի մերձակա սահմաններից»: Կառնեգիի գնահատականով՝ Կասպիական էներգետիկ ռեսուրսների «ազդեցությունը ժամանակ առ ժամանակ չափազանցվել է, որը հանգեցրել է ոչ ռեալիստական սպասումների ձևավորման»: Բացի այդ՝ «վերջին տասնամյակում համաշխարհային էներգետիկ շուկաներում շատ փոփոխություններ են եղել, Կասպիականի էներգետիկ ռեսուրսների ներդրումը այդ շուկաների զարգացման մեջ ստվերվում է այլ իրադարձություններով՝ թերթաքարային հեղափոխություն, հեղուկ բնական գազի զարգացումը և նոր խորքային ռեսուրսների յուրացումը համաշխարհային մատակարարումների առավել կարևոր աղբյուրներ դարձան, քան Կասպից ծովը»: Եվ հետո՝ «Կասպիականի էներգետիկ ռեսուրսները մեծ հետաքրքրություն չեն հարուցում առևտրական սեկտորում կամ պետական հովանավորների շրջանում, որ պատրաստ են ֆինանսավորել Եվրոպային ուղղված նախագծերը»: ԱՄՆ-ի համար գլխավորն է, որ «Հարավային Կովկասի մոտ լինելը կոնֆլիկտային գոտիներին և հարաբերականորեն բաց սահմանները տարածքը վերածում են տարատեսակ անօրինական գործունեության խողովակի՝ զենքի, թմրանյութերի և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունից մինչև զինյալներ, որ ցանկանում են միանալ Մերձավոր Արևելքի մարտական գործողություններին: ԱՄՆ-ի առաջադրած որոշ հավակնոտ նախաձեռնություններ չբերեցին սպասվող բարեփոխումները:
Բացի այդ՝ երեք երկրներում էլ խոչընդոտները բավականին լուրջ էին: Դրանք հնարավոր չէ հաղթահարել խողովակաշարերի կամ, Վրաստանի դեպքում, հեղափոխական փոփոխությունների օգնությամբ: Երեք երկրներից յուրաքանչյուրը մինչև հիմա չի կարողանում հրաժարվել անցյալի ժառանգությունից: Այդ իրականությունը պետք է հաշվի առնել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ապագա քաղաքականությունը ձևավորելիս: Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կոնֆլիկտների ընդհանուր պատմություն ունեն, տնտեսական պրոբլեմներ ու շատ բարդ աշխարհաքաղաքական միջավայր»: Լուրջ եզրակացություներ են: Ադրբեջանցի բոլոր քաղաքական գործիչներից, որ զգացել են ռեալ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի փոփոխությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների հարցում, առաջնային դիրքերում խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովան էր, որ սկսեց կոնֆլիկտի կարգավորման խնդիրները կապել «աշխարհում բարդ իրավիճակի, երկրների ու ամբողջ տարածաշրջանների՝ ահաբեկչությունների ու ավերածությունների հետ բախման մեջ, որ մեզ ստիպում է առավել ուշադիր լինել այս հարցերում»: Նրա խոսքով՝ «ինչքան շատ է աշխարհը զբաղված այդպիսի գլոբալ խնդիրներով, այնքան երկար են տևում մերի նման կոնֆլիկտները»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արդեն եղան Երևանում ու Ստեփանակերտում, հունիսի 19-ին նրանք կմեկնեն Բաքու Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցելու: Մենք դիվանագիտական ճեղքում չենք սպասում՝ դեռ ժամանակը չի եկել: Գլխավորը, որ ուշ չլինի՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, շուտով նաև Անդրկովկասում արագ է փոխվում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Երևանում երկու օր շարունակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հաստատում է, որ խոսքից գործի պետք է անցնել՝ հասցեական հայտարարությանը պետք է հաջորդեն պատժամիջոցներ՝ ենթադրվում է: Բաքուն շարունակում է խոսել սուբստանտիվ բանակցություններից: Նկատե՞լ եք, որ համանախագահները սովորաբար այնպես են ծրագրում տարածաշրջանային այցը, որ ամեն երկրին հատկացվում է երկու օր, պատահել է, որ նրանք Ստեփանակերտ չեն գնացել կամ ԼՂՀ նախագահին հանդիպել են Երևանում, իսկ հիմա Երևանում ու Ստեփանակերտում հանդիպումներն ավարտելուց հետո նրանք մեկ շաբաթ ժամանակ ունեն նախքան Բաքու մեկնելը: Հազիվ թե Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին ու Ռիչարդ Հոգլանդը այդ մեկ շաբաթն անցկացնելու են Արցախում: Մնացածը՝ ինչպես միշտ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ